Առողջ ժպիտների համար՝ համակարգային փոփոխությունների ճանապարհին
Հայաստանում կարևոր քայլ է կատարվել երեխաների բերանի խոռոչի առողջության բարելավման ուղղությամբ՝ ստեղծվել է Մանկական բերանի խոռոչի առողջության ազգային աշխատանքային խումբ։
OHFAR – Հայաստանի երեխաների բերանի խոռոչի առողջության հիմնադրամի առաքելությունն է նպաստել այնպիսի ապագայի կերտմանը, որտեղ Հայաստանում 15 տարեկան և ավելի փոքր որևէ երեխա չի ունենա չբուժված կարիես։ Այս նպատակին հասնելու համար OHFAR-ը կարևորում է ոչ միայն երեխաներին անմիջական բուժօգնություն տրամադրելը, այլև առողջապահական համակարգի մակարդակով կայուն և երկարաժամկետ փոփոխությունների իրականացումը։
Գաղափարից՝ ազգային նախաձեռնություն
Մանկական բերանի խոռոչի առողջության ազգային աշխատանքային խմբի ստեղծման և ազգային ռազմավարական ճանապարհային քարտեզի մշակման գաղափարը ներկայացվել և քննարկվել է OHFAR-ի՝ 2025 թվականի հուլիսին կայացած հանրային մեկնարկի միջոցառման ընթացքում՝ ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ դոկտոր Նունե Փաշայանի հետ։
2026 թվականին OHFAR-ը այս նախաձեռնությունը սահմանել է որպես իր ռազմավարական առաջնահերթություններից մեկը։
Առաջին հանդիպումը
2026 թվականի հունիսի 16-ին, OHFAR-ի առաջարկի հիման վրա և ոլորտում գործող այլ հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչությունը կազմակերպեց աշխատանքային խմբի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ՝
ՀՀ Առողջապահության նախարարությունից
Առողջապահության ազգային ինստիտուտից
«Արմեդ»՝ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորից
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետից
OHFAR-ից
Children of Armenia Fund (COAF)-ից
Կարագյոզյան հիմնադրամից
Հանդիպումը կարևոր մեկնարկային հարթակ դարձավ տարբեր կառույցների փորձը, գիտելիքն ու ռեսուրսները մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբելու և հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու համար։
Հայաստանի առաջին ազգային ճանապարհային քարտեզը
Աշխատանքային խմբի կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանի մանկական բերանի խոռոչի առողջության ազգային ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի մեկնարկն է։
Համակարգված ազգային մոտեցումը կարող է նպաստել կանխարգելման ծրագրերի ամրապնդմանը, որակյալ ստոմատոլոգիական ծառայությունների հասանելիության բարելավմանը, հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում իրականացվող նախաձեռնությունների առավել արդյունավետ համակարգմանը։
OHFAR-ի համար սա կայուն և երկարաժամկետ փոփոխությունների հասնելու կարևոր քայլ է։ Երեխաների մոտ արդեն առկա խնդիրների բուժումը կարևոր է, սակայն նույնքան կարևոր է կանխել դրանց առաջացումը և ձևավորել այնպիսի համակարգ, որը երկարաժամկետ կնպաստի երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանմանը։
Միասին՝ երկարաժամկետ փոփոխությունների համար
Ազգային աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր հնարավորություն է պետական կառույցների, բժշկական և ակադեմիական հաստատությունների, հիմնադրամների և ոլորտի այլ գործընկերների համար՝ համատեղ ձևավորելու երեխաների բերանի խոռոչի առողջության ազգային տեսլականը։
OHFAR-ը հպարտ է այս համագործակցության նախաձեռնման գործում ունեցած իր ներդրմամբ և պատրաստ է շարունակել աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ իր փորձն ու գիտելիքը ներդնելով ազգային ռազմավարության մշակման գործընթացում։
Մեր նպատակը պարզ է՝ առողջ ժպիտ յուրաքանչյուր երեխայի համար՝ Հայաստանում։
Ազգային աշխատանքային խմբի ստեղծումը այս ճանապարհի կարևոր առաջին քայլն է։ Այժմ միասին պետք է այս քայլը վերածենք երկարաժամկետ, համակարգային և չափելի փոփոխության։