ՕՀՖԱՐ-ի առաջին ամենամյա համաժողովն ու գալա ընթրիքը

Միասին՝ հանուն առողջ ժպիտների․ ՕՀՖԱՐ-ի առաջին ամենամյա համաժողովն ու գալա ընթրիքը

Երեխաների բերանի խոռոչի առողջության բարելավումը չի սահմանափակվում միայն ատամների բուժմամբ։ Այն պահանջում է կանխարգելում, կրթություն, հասանելի բուժօգնություն, հավաստի տեղեկատվություն և տևական փոփոխություններին աջակցելու պատրաստ համայնք։ Հենց այս առաջնահերթությունների շուրջ համախմբվեցին ՕՀՖԱՐ-ի առաջին ամենամյա համաժողովի և գալա ընթրիքի մասնակիցները՝ ամփոփելու կատարված աշխատանքն ու ամրապնդելու Հայաստանի երեխաների առողջության հանդեպ իրենց ընդհանուր հանձնառությունը։

ՕՀՖԱՐ-ի առաջին ամենամյա համաժողովը տեղի ունեցավ 2026 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ՀԲԸՄ կենտրոնում՝ մեկտեղելով առողջապահության մասնագետների, տարբեր կառույցների ներկայացուցիչների, գործընկերների և աջակիցների։ Ծրագիրը համադրեց հանրային առողջապահության և ստոմատոլոգիական կրթության շուրջ քննարկումները Սյունիքի դպրոցներում իրականացված աշխատանքի փորձի, ինչպես նաև թվային ստոմատոլոգիայի ու նորարարությունների ներկայացումների հետ։

Գալա ընթրիքը շարունակեց համագործակցության այս մթնոլորտը՝ հնարավորություն ընձեռելով արժևորելու ՕՀՖԱՐ-ի գործունեության հիմքում կանգնած մարդկանց ու գործընկերների ներդրումը և ընդլայնելու հիմնադրամի առաքելության շուրջ ձևավորված աջակցությունը։

Ընդհանուր հանձնառություն՝ հանուն Հայաստանի երեխաների բերանի խոռոչի առողջության

Համաժողովը մեկնարկեց բացման խոսքով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչների ելույթներով։

Նրանց մասնակցությունը հնարավորություն տվեց բերանի խոռոչի առողջության հարցերը դիտարկել պետական, ակադեմիական և միջազգային համագործակցության տեսանկյուններից։ ՕՀՖԱՐ-ի համար այս մոտեցումների համադրումը կայուն աշխատանքի կարևոր նախապայման է․ այն համայնքներում տրամադրվող բուժօգնությունը կապում է մասնագիտական կրթության, գործընկերությունների և հանրային առողջապահության առաջնահերթությունների հետ։

Հայաստանում ՕՀՖԱՐ-ի գործունեության առաջին տարվա արդյունքներին նվիրված ներկայացումն ամփոփեց հիմնադրամի կատարած աշխատանքը, որին հաջորդեց Խորհրդատվական խորհրդի ներկայացումը։ Այս երկու ելույթներն ընդգծեցին, թե ինչպես են կազմակերպության նախաձեռնությունները նպաստում բուժօգնության հասանելիությանն ու ծառայությունների շարունակական բարելավմանը։

«Ատամնաբուս»-ը Սյունիքում․ կարիքների բացահայտումից մինչև բուժօգնության տրամադրում

Համաժողովի առանցքային թեմաներից էր ՕՀՖԱՐ-ի «Ատամնաբուս» շարժական ատամնաբուժարանի միջոցով երեխաներին տրամադրվող բուժօգնությունը։ Ծրագիրը Սյունիքի դպրոցներում ապահովում է անվճար ատամնաբուժական օգնություն և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ կրթություն՝ ծառայություններն ավելի մոտ բերելով երեխաների բնակության և ուսումնառության վայրերին։

Առանձին նիստերի ընթացքում ներկայացվեցին Ակներ գյուղի դպրոցում իրականացված ծրագրի արդյունքներն ու կլինիկական դեպքերը։ Այստեղ ՕՀՖԱՐ-ն ավարտել է վեցամսյա ծրագիրը, որից հետո աշխատանքները շարունակել է Քարաշենի դպրոցում։

Ակներում անցկացված նախնական զննումները բացահայտել էին բուժման զգալի կարիք․ զննվածների 89,7%-ն ունեցել է առնվազն մեկ կարիեսով ախտահարված ատամ, իսկ յուրաքանչյուր պացիենտի մոտ միջինում արձանագրվել է շուրջ երեք չբուժված կարիեսով ատամ։ Բուժման պլաններով նախատեսվել էր ընդհանուր առմամբ 311 միջամտություն, ինչը ցույց է տալիս մեկ դպրոցական համայնքում առկա բուժօգնության կարիքների ծավալը։

Ծրագրի հաշվարկներով՝ համայնքը խնայել է շուրջ 7 միլիոն ՀՀ դրամի ուղղակի ատամնաբուժական ծախս։ Ֆինանսական այս արդյունքին զուգահեռ՝ ծնողների արձագանքները կարևոր տեղեկություններ են տվել երեխաների փորձառության և ծրագրի կրթական նշանակության մասին։ Հարցված ծնողների 90,9%-ը նշել է, որ իրենց երեխաները զգալիորեն հարստացրել են բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ գիտելիքները, իսկ 77,2%-ը հայտնել է ծրագրից հետո երեխաների հիգիենայի սովորությունների փոփոխության մասին։

Այս արդյունքները հուսադրող են և հիմք են ստեղծում հետագա մշտադիտարկման համար։ Դրանք ընդգծում են բուժումն ու կրթությունը համատեղելու, ինչպես նաև ծառայությունները զարգացնելիս ընտանիքների կարծիքը հաշվի առնելու կարևորությունը։

«Ատամնասոֆթ»․ թվային առողջապահություն՝ ի նպաստ ատամնաբուժական օգնության

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև «Ատամնասոֆթ»-ը՝ «Թվային ատամնային քարտը Հայաստանի համար» խորագրով նիստի շրջանակում։

Դպրոցական տարբեր համայնքներում ՕՀՖԱՐ-ի գործունեության ընդլայնմանը զուգահեռ՝ պացիենտների տվյալների համակարգված պահպանումն ավելի մեծ նշանակություն է ստանում։ Ատամնաբուժական զննումների արդյունքները, բուժման պլաններն ու կատարված միջամտությունների գրանցումները պետք է հասանելի լինեն մասնագիտական թիմին՝ յուրաքանչյուր երեխայի բուժման ընթացքին հետևելու համար։

«Ատամնասոֆթ»-ն աջակցում է այս գործընթացին՝ ատամնաբուժական տվյալները միավորելով թվային քարտում։ «Ատամնաբուս»-ում այն օգնում է համակարգված փաստագրել տրամադրվող բուժօգնությունը՝ նպաստելով խնամքի շարունակականությանն ու ծրագրի արդյունքների գնահատմանը։

Ներկայացումն արտացոլեց առողջապահական նորարարությունների նկատմամբ ՕՀՖԱՐ-ի մոտեցումը՝ գործիքներ մշակել մասնագետների և նրանց ծառայություններից օգտվող մարդկանց կարիքներին համապատասխան։ Տեխնոլոգիաներն առավել օգտակար են, երբ օգնում են թիմերին արդյունավետ աշխատել և բուժօգնության վերաբերյալ հիմնավորված որոշումներ կայացնել։

Ավելին իմացեք «Ատամնասոֆթ» թվային ատամնային քարտի հարթակի մասին։

Համայնքային աշխատանք և նորարարություն

Օրվա երկրորդ կեսի ծրագիրն ընդլայնեց քննարկումների շրջանակը՝ ներառելով JPITOR-ի և համայնքային աշխատանքի, ինչպես նաև բերանի խոռոչի առողջության ոլորտում հեռաբժշկության կիրառման վերաբերյալ ներկայացումներ։

Այս նիստերը հնարավորություն ընձեռեցին քննարկելու, թե ինչպես կարող են համայնքների ներգրավվածությունն ու ծառայությունների մատուցման նոր մոտեցումները լրացնել առկա ատամնաբուժական օգնությունը։ Դրանք նաև ընդգծեցին տարբեր ոլորտների մասնագետների միջև փորձի փոխանակման կարևորությունը ՕՀՖԱՐ-ի գործունեության զարգացման գործում։

Համաժողովի նշանակությունը չէր սահմանափակվում առանձին ելույթներով։ Այն հարթակ դարձավ հարցերի, մասնագիտական կապերի ձևավորման և քննարկումների համար՝ բացահայտելու, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպություններ ու մասնագետներ նպաստել ընդհանուր նպատակին։

ՕՀՖԱՐ-ի գալա ընթրիքը․ հանդիպումների և աջակցության երեկո

Գալա ընթրիքը ջերմ մթնոլորտում համախմբեց ՕՀՖԱՐ-ի գործընկերներին, նվիրատուներին, խորհրդի անդամներին և բարեկամներին՝ հանուն երեխաների առողջ ժպիտների։

Երեկոյի ընթացքում ներկայացվեց «Ատամնաբուս» ծրագիրը՝ ցույց տալով, թե ինչպես է հիմնադրամին տրամադրվող աջակցությունը վերածվում դպրոցական համայնքներում իրականացվող աշխատանքի։ Ելույթներով հանդես եկան նաև «Ռոտարի»-ի ներկայացուցիչ Հայկ Մանասյանը և ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը։

Երեկոն նաև առիթ էր շնորհակալություն հայտնելու ՕՀՖԱՐ-ի խորհրդի անդամներին՝ իրենց ուղղորդման, տրամադրած ժամանակի և նվիրվածության համար։ Նրանց ներդրումը, կլինիկական թիմի, գործընկերների և աջակիցների աշխատանքի հետ միասին, օգնում է ապահովել հիմնադրամի գործունեության շարունակականությունը։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին համաժողովին ու գալա ընթրիքին, կիսվեցին իրենց մասնագիտական փորձով և օգնեցին տարածել ՕՀՖԱՐ-ի առաքելության մասին տեղեկությունը։

Աջակցեք ՕՀՖԱՐ-ին reArmenia հարթակի միջոցով

ՕՀՖԱՐ-ի աշխատանքը շարունակվում է համաժողովից ու գալա ընթրիքից հետո ևս։ Ակների ծրագրի ավարտից հետո «Ատամնաբուս»-ը տեղափոխվել է Քարաշենի դպրոց՝ շարունակելով Սյունիքի երեխաներին տրամադրել ատամնաբուժական օգնություն և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ կրթություն։

ՕՀՖԱՐ-ի դրամահավաքը հասանելի է reArmenia հարթակում՝ ընձեռելով այս առաքելությանն աջակցելու ևս մեկ հնարավորություն։ Նվիրատվություններն օգնում են ապահովել երեխաների ատամնաբուժական զննումները, կանխարգելիչ ծառայությունները, կրթությունն ու բուժումը՝ նպաստելով ծրագրի հասանելիությանը նոր դպրոցներում և համայնքներում։

Համաժողովն ու գալա ընթրիքը ցույց տվեցին երեխաների առողջության շուրջ համախմբված համայնքի ուժը։ Այդ հանձնառությունը շարունակական բուժօգնության վերածելու համար անհրաժեշտ է շատերի մասնակցությունը՝ իրենց գիտելիքներով կիսվող մասնագետների, ռեսուրսներ տրամադրող գործընկերների և հասանելի ատամնաբուժական օգնությանն աջակցող նվիրատուների։

Աջակցեք ՕՀՖԱՐ-ին reArmenia հարթակում և օգնեք մեզ հոգ տանել ավելի շատ փոքրիկների ժպիտների մասին։

Այլ նորություններ